Posted in Մայրենի լեզու 6

Վիլյամ Սարոյան: Ծիծաղ

— Դուք ուզում եք, որ ես ծիծաղե՞մ:
Նա իրեն միայնակ և անզոր էր զգում դատարկ դասարանում, բոլոր տղաները տուն էին գնում՝ Դեն Սիդը, Ջեյմս Միսիպպոն, Դիկ Կորկորանը, նրանք բոլորը քայլում էին Հարավային Խաղաղականի երկաթգծի երկայնքով՝ ծիծաղելով, խաղալով, իսկ Միսս Ուիսիգի այս խելացնոր միտքը տանջում էր իրեն:
— Այո:

Անժպիտ շուրթեր, դողոցք, աչքեր, այդքան սրտառուչ մելամաղձություն:
— Բայց ես չեմ ուզում ծիծաղել:
Տարօրինակ էր: Ամբողջ աշխարհը, իրադարձությունները, դրանց առաջացման ուղիները:
— Ծիծաղի՛ր:
Աճող էլեկտրական լարվածությունը, ուսուցչուհու համառությունը, մարմնի ու ձեռքերի ջղային շարժումները, նրանից եկող սառնությունը և տղայի ատելի վիճակը:
— Ախր ինչու՞:
Ինչու: Ամեն ինչ կապանքների մեջ, ամեն ինչ անհրապույր ու տգեղ, բռնադատված մտածողություն, մի տեղ էլ՝ թակարդն ընկած, ո՛չ զգացում, ո՛չ իմաստ:
— Որպես պատիժ: Դու ծիծաղեցիր դասարանում: Այժմ որպես պատիժ պետք է ծիծաղես, մեկ ժամ, մեն-մենակ, ինքդ քեզ: Շտապիր, արդեն անտեղի կորցրել ես չորս րոպե:
Զզվելի էր և բոլորովին էլ զվարճալի չէր, որ քեզ պահեին դասերից հետո և խնդրեին, որ ծիծաղես: Այդ գաղափարի մեջ չկար ոչ մի իմաստ: Ինչի՞ վրա ծիծաղեր: Մարդ չէր կարող հենց այնպես ծիծաղել: Դրա նման մի բան պիտի լիներ, զվարճալի կամ փքուն, ծիծաղաշարժ բան: Այդպես տարօրինակ էր, ուսուցչուհու քայլվածքը, տղային նայելու նրա ձևը, մանրախնդրությունը՝ ամեն ինչ վախեցնող էր: Ի՞նչ էր ուզում իրենից: Եվ դպրոցի հոտը, հատակի մեջ ներծծված մածուկը, կավճի փոշին, այդ մտքի հոտը, երեխաների գնալը՝ միայնություն, տխրություն:
— Ներեցեք, որ ծիծաղեցի:
Ծաղկի պես կքված, ամոթահար էր: Նա զղջում էր, ոչ թե պարզապես կեղծում: Նա ցավում էր ոչ թե իր՝ այլ ուսուցչուհու համար: Ջահել աղջիկ էր, ուրիշին փոխարինող, ժամանակավոր ուսուցչուհի: Եվ նրա մեջ կար այդ տխրությունը, այնպե՜ս հեռավոր, այնպե՜ս դժվար հասկանալի: Այդ տխրությունը գալիս էր աղջկա հետ ամեն առավոտ: Եվ տղան ծիծաղել էր դրա վրա: Ծիծաղաշարժ էր այն, ինչ աղջիկն ասում էր, ինչպես էր աչքերը հառած ամեն մեկին նայում և ինչպես էր շարժվում: Տղան ամենևին էլ ծիծաղելու տրամադրություն չէր ունեցել, բայց հանկարծ ծիծաղել էր, և ուսուցչուհին նայել էր նրան, իսկ տղան՝ նրա դեմքին: Եվ մի պահ՝ այդ տարտամ հարաբերումը: Դրանից հետո՝ զայրույթը, ատելությունը ուսուցչուհու աչքերում – «Դու կմնաս դասերից հետո»:
Նա չէր ցանկացել ծիծաղել, դա պարզապես պատահել էր և նա զղջում էր, նա ամաչում էր, ուսուցչուհին պետք է հասկանար, չէ՞ որ ինքը նրան ասում էր, ա՜յ քեզ բան:
— Ժամանակ ես վատնում, ծիծաղելը սկսիր:
Նա մեջքով էր կանգնած և ջնջում էր գրատախտակի վրա գրված բառերը՝ Աֆրիկա, Կահիրե, բուրգեր, սֆինքս, Նեղոս և 1865, 1914 թվերը:
Լարված էր, թեև նա մեջքով էր կանգնած: Դասարանում լռություն էր՝ շեշտված ու չափազանցված նրա դատարկությամբ, որ ստույգ էր դարձնում տղայի միտքը, աղջկա միտքը, նրանց վիշտը՝ կողք-կողքի, իրար բախվելիս: Ինչու՞: Տղան ուզում էր բարեկամ լինել: Այդ առավոտ, երբ ուսուցչուհին մտել էր դասարան, տղան ցանկացել էր հետը բարեկամանալ: Նա անմիջապես զգաց ուսուցչուհու տարօրինակությունը, արտասովորությունը, ուրեմն՝ ինչու՞ էր ծիծաղել: Ինչու՞ էր ամեն ինչ կեղծորեն պատահել, ինչու՞ ինքը պիտի լիներ ուսուցչուհուն վիրավորողը, երբ սկզբից ևեթ ցանկացել էր բարեկամ լինել:
— Չեմ ուզում ծիծաղել:
Հակառակություն և միևնույն ժամանակ լաց, ամոթալի լաց կար նրա ձայնի մեջ: Ի՞նչ իրավունքով են ստիպում իրեն աղճատելու իր ներսում անարատ մի բան: Դաժան լինելու միտք չի ունեցել, ինչու՞ ուսուցչուհին չպետք է ի վիճակի լինի հասկանալու իրեն: Տղան սկսեց ատելություն զգալ նրա ապուշության, նրա կամքի համառության հանդեպ:
«Ես չեմ ծիծաղի», – մտածում էր նա: — «Թող կանչի Միստր Քեյզվիլին և ինձ մտրակել տա, մեկ է՝ չեմ ծիծաղի: Սխալմունք էր: Մտքումս կար լաց լինել, գուցե ուրիշ մի բան: Ծիծաղելու միտք չունեի: Ես կդիմանամ ծեծին, մե՜ծ բան, դա ցավոտ է, բայց ո՛չ սրա պես: Ես զգացել եմ, որ մտրակել են հետույքիս: Ես գիտեմ տարբերությունը»:
Լավ, թող իրեն ծեծեն, ի՜նչ հոգ դրանից: Մտրակը կծում է, և ինքը կարող է մի քանի օր սուր ցավ զգալ այդ մասին մտածելով: Թեկուզ այդպես թող շարունակեն և ստիպեն ծռել մեջքը, միևնույն է, չի՛ ծիծաղելու:
Տղան տեսավ, թե ինչպես ուսուցչուհին նստեց իր աթոռին ու աչքերը հառեց իր վրա և որ բղավելուց նա հիվանդ և ապշած տեսք ուներ: Եվ դարձյալ տղայի կոկորդով դեպի բերանը բարձրացավ կարեկցանքը՝ սիրտ խառնող կարեկցանքը նրա հանդեպ: Եվ ինչու՞ էր ինքն այսքան անհանգստություն պատճառում մի խեղճ, փոխարինող ուսուցչուհու, որ իրեն իրոք դուր էր գալիս: Ոչ թե ծեր և տգեղ ուսուցչուհի. այլ սիրունիկ, փոքրիկ մի աղջիկ, որ հենց սկզբից վախեցած էր:
— Խնդրեմ, ծիծաղի՛ր:
Եվ ինչպիսի՜ հեզություն. ոչ թե իրեն կարգադրելով, այլ հիմա՝ խնդրելով, խնդրելով ծիծաղել, երբ ինքը չի ուզում ծիծաղել: Ի՞նչ պետք է մարդ աներ ազնվորեն, ի՞նչ պետք է աներ, որ արդար լիներ, իր սեփական կամքով, ոչ պատահաբար՝ սխալ արարքների պես: Իսկ ի՞նչ էր մտածում ուսուցչուհին: Ի՞նչ հաճույք կարող էր ստանալ՝ լսելով իրեն ծիծաղելիս:
Ի՜նչ ապուշ աշխարհ է, մարդկային տարօրինակ զգացումներ, գաղտնապահություն, ամեն մեկը պարփակված ինքն իր մեջ, ուզելով մի բան և միշտ ստանալով ուրիշը, ցանկանալով տալ մի բան և միշտ տալով այլ բան:
Լավ: Կծիծաղի: Հիմա կծիծաղի, ոչ թե իր, այլ նրա համար, նույնիսկ եթե դա իրեն զզվեցնում է, կծիծաղի: Ուզում էր իմանալ ճշմարտությունը, ինչպիսի՞ն էր այդ ճշմարտությունը: Ուսուցչուհին նրան չէր ստիպում, այլ խնդրում էր, աղերսում էր ծիծաղել: Տղան չգիտեր, թե ինչու՞ է դա այդպես, բայց ուզում էր իմանալ: Նա մտածեց՝ «Գուցե կարողանա՞մ մտածել մի ծիծաղելի պատմության մասին»: Եվ փորձել սկսեց վերհիշելու այն բոլոր ծիծաղաշարժ պատմությունները, որ երբևէ լսել էր: Բայց շատ տարօրինակ էր, չէր կարողանում վերհիշել մի հատիկ անգամ: Իսկ այն զվարճալի բաները՝ թե ինչպես էր Էննի Գրենը քայլում, դեհ, դա երբեք էլ զվարճալի չէր: Իսկ Հենրի Մայուն, որ ծիծաղեցնում էր «Հայավաթի» տողերը սխալ արտասանելով: Ոչ մեկն էլ ծիծաղելի չէր: Սովորաբար դա իրեն ստիպում էր ծիծաղել այնքան ժամանակ, մինչև որ դեմքը կարմրում էր և շունչը կտրվում: Իսկ այժմ սառած և աննպատակ բան էր թվում: Դեհ, դա ծիծաղելի չէր, ինքը չէր կարողանում ծիծաղել դրա վրա, այ քեզ բան:
Լավ, ինքը հենց այնպես կծիծաղի, այնպիսի ազդեցիկ ծիծաղով, ինչպես դերասանը՝ հա՛, հա՛, հա՛: Աստված իմ, ինչ դժվար է: Իրեն համար աշխարհի ամենահեշտ բանը, իսկ հիմա չի կարողանում մի փոքր քրքջալ:
Մի կերպ նա սկսեց ծիծաղել՝ զգալով իրեն ամոթահար, զզվելի: Տղան վախենում էր նայել ուսուցչուհու աչքերի մեջ, ուստի նայեց ժամացույցից վեր և փորձեց շարունակել ծիծաղը: Ապշելու էր, խնդրել մի տղայի մեկ ժամ ծիծաղել ոչ մի բանի վրա, աղերսել ծիծաղել՝ առանց նրան որևէ առիթ տալու: Բայց նա կանի այդ, գուցե ոչ մեկ ժամ, բայց մի կերպ կփորձի: Ինքը պետք է մի բան անի: Ամենածիծաղելին իր ձայնն էր, իր ծիծաղի կեղծությունը, և քիչ անց դա իսկապես սկսեց դառնալ ծիծաղելի, զավեշտական մի բան, դա նրան երջանկացնում էր, որովհետև անկեղծորեն ծիծաղեցնում էր: Այժմ նա իրապես ծիծաղում էր՝ ամբողջ կրծքով, ամբողջ եռանդով, ծիծաղում էր իր ծիծաղի կեղծության վրա: Իսկ ամբողջ ամոթը գնալով հեռանում էր, որովհետև այդ ծիծաղը կեղծ չէր. դա իրական էր և դատարկ դասարանը լեցուն էր իր ծիծաղով: Եվ ամեն ինչ թվում էր լավ, ամեն ինչ լուսաշող էր և երկու րոպեն արդեն անցել էր, և նա սկսեց մտածել իսկապես ծիծաղաշարժ բաների մասին, ամենուրեք, ամբողջ քաղաքում՝ ինչպես էին մարդիկ քայլում փողոցներում, ջանալով պատվարժան տեսք ունենալ, բայց ինքը գիտեր, իրեն չէին կարող հիմարացնել, գիտեր, թե որքանով են նրանք պատվարժան և ինչպես էին մեծ բիզնեսով զբաղվում և այդ ամենը փքուն ու կեղծ էր և ստիպում էր իրեն ծիծաղել: Նա հիշեց Փրեսբիտերյան եկեղեցու քարոզչին, նրա կեղծ ձևով աղոթելը. «Օ, Աստված, քո կամքն է…», և ոչ ոք չէր հավատում աղոթողներին և այդ պատվարժան մարդկանց՝ խոշոր ավտոմեքենաներ, կադիլակներ, պեկարդներ ունեցող, արագորեն երկրի մի ծայրից մյուսը ընթացող, կարծես ինչ-որ տեղ ունեին գնալու և նվագախմբի հրապարակային համերգները, ամբողջ այդ կեղծ իրականությունը ստիպում էր նրան իսկապես ծիծաղել: Եվ մեծ տղաները, որ տարփալից հետամտում էին մեծ աղջիկներին, և քաղաքում վեր ու վար անող տրամվայները՝ իրենց ոչ ավելի քան երկու ուղևորով, զվարճալի էին: Եվ այդ մեծ մեքենաները, որ տանում էին մի ծեր կնոջ և մի բեղավոր մարդու: Եվ նա ծիծաղեց մինչև շնչասպառ եղավ, դեմքը կարմրեց և հանկարծակի չքացել էր ամոթխածությունը և ծիծաղում էր նայելով Միսս Ուիսիգին. և հանկարծ ցնցվեց՝ Աստված իմ, արցունքներ կային նրա աչքերում: Ի սեր Աստծո ինքը նրա վրա չէր ծիծաղել: Ծիծաղել էր բոլոր այն հիմարությունների, բոլոր հիմար բաների վրա, որ մարդիկ անում էին օրեցօր, ամբողջ այդ կեղծության վրա: Զզվելի էր, ինքը միշտ ուզում էր ճիշտ բան անել, և միշտ հակառակն էր ստացվում: Ցանկանում էր իմանալ՝ ինչու՞, ի՞նչ էր պատահել նրան, ի՞նչ էր թաքնված նրա հոգու խորքում: Տղան ծիծաղել էր աղջկա համար, և ոչ իրեն հաճույք պատճառելու: Եվ ահա նա՝ դողդողալիս, աչքերը թաց, որոնցից արցունքներ էին հոսում, դեմքը տագնապահար: Իսկ տղան տակավին ծիծաղում էր՝ սրտում եղած զայրույթից, վշտից ու հուսախաբությունից: Նա ծիծաղում էր աշխարհի բոլոր սրտաշարժ բաների վրա, որոնց համար լալիս են բարի մարդիկ. փողոցի թափառական շները, հոգնած ձիերը՝ խարազանվելիս ու գետնին տապալվելիս, երկչոտ մարդիկ՝ մտերմաբար խորտակված փարթամ ու դաժան մարդկանց կողմից, ճարպոտ ու փքուն ներքնապես, և փոքրիկ թռչունները՝ մայթերին անշունչ ընկած, և ամենուրեք մարդկանց իրար չհասկանալը, մշտնջենական հակամարտությունը, դաժանությունը, մի բան, որ մարդուն դարձնում է չարսիրտ, մի նսեմ առաջադիմություն: Եվ զայրույթը փոխեց նրա ծիծաղը, և աչքերից սկսեցին արցունքներ հոսել: Երկուսով, մեն-մենակ դատարկ դասարանում, միասին իրենց միայնությամբ, եղբայր ու քույր, երկուսն էլ ծարավի էին կյանքի պարզության և առաքինության, երկուսն էլ ուզում էին բաժանել իրենց ճշմարտությունը մեկը մյուսի հետ, և դեռ ինչ-որ ձևով երկուսն էլ օտար էին, իրարից հեռացած ու միայնակ: Տղան լսեց ինչպես ուսուցչուհին խեղդեց հեծկլտոցը և այն ժամանակ ամեն ինչ շուռ եկավ: Տղան լալիս էր, բացարձակ ու անկեղծ լացով, երեխայի պես կարծես իսկապես ինչ-որ բան էր պատահել: Նա թաքցրեց իր դեմքը ձեռքերի մեջ, կրծքավանդակը վեր ու վար էր լինում ու նա մտածում էր, որ չի ուզում ապրել, եթե ամեն ինչ այդպես է, ինչպես կա, նա ուզում էր մեռնել: Տղան չգիտեր, որքան ժամանակ է լաց եղել և հանկարծ զգաց, որ այլևս ոչ լալիս է, ոչ ծիծաղում և սենյակում անչափ լուռ է: Ինչ ամոթալի բան: Վախենում է գլուխը բարձրացնել ու նայել ուսուցչուհուն: Զզվելի իրավիճակ:
— Բե՛ն:
Ձայնը խաղաղ էր, հանգիստ, հանդիսավոր: Ինչպես կարող էր ինքը երբևէ նայել ուսուցչուհուն:
— Բե՛ն:
Նա բարձրացրեց գլուխը: Ուսուցչուհու աչքերը չոր էին, իսկ դեմքն ավելի պայծառ ու գեղեցիկ էր թվում, քան երբևէ:
— Խնդրեմ, սրբիր աչքերդ, թաշկինակ ունե՞ս:
— Այո:
Նա սրբեց թաց աչքերը, մաքրեց քիթը: Ի՜նչ սիրտ խառնելու բան է աշխարհը: Ի՜նչ անգույն է ամեն ինչ:
— Քանի՞ տարեկան ես, Բե՛ն:
— Տասը:
— Ի՞նչ ես պատրաստվում անել: Ես նկատի ունեմ…
— Չգիտեմ:
— Ո՞վ է հայրդ:
— Դերձակ է:
— Այստեղ քեզ դու՞ր է գալիս:
— Երևի, այո:
— Եղբայներ, քույրեր ունե՞ս:
— Երեք եղբայր, երկու քույր:
— Երբևէ մտածե՞լ ես մեկնելու մասին, ուրիշ քաղաքներ:
Հաճելի էր, երբ իր հետ խոսում էին ինչպես մեծի՝ հետաքրքրվելով իր գաղտնիքներով:
— Այո:
— Ու՞ր:
— Չգիտեմ, երևի Նյու-Յորք, կամ գուցե մեր հին երկիրը:
— Հին երկի՞րը:
— Միլան՝ հայրիկիս ծննդավայրը:
— Օհ:
Նա ուզում էր հարցնել ուսուցչուհու մասին՝ որտեղ է եղել, ուր է գնում, նա ցանկանում էր մեծացած լինել, բայց վախենում էր: Ուսուցչուհին գնաց հանդերձարան, բերեց իր վերարկուն, գլխարկը, պայուսակը: Սկսեց վերարկուն հագնել:
— Վաղն այստեղ չեմ լինելու: Միսս Շորբն արդեն լավ է, ես մեկնում եմ:
Տղան տխրություն զգաց: Տղան ոչինչ չէր կարողանում մտածել, որ խոսեր: Աղջիկը կապեց վերարկուի գոտին, դրեց գլխարկը՝ ժպտալով: Ա՜յ քեզ բան, սա ի՞նչ աշխարհ է: Սկզբում ստիպեց ծիծաղել, հետո լացացրեց, հիմա էլ՝ սա: Եվ դա զգացնել տվեց իրեն թե որքան միայնակ է աղջիկը: Ու՞ր էր նա գնում, երբևէ նորից կտեսներ նրան:
— Բեն, հիմա կարող ես գնալ:
Այդ ժամանակ նա նայում էր վեր՝ ուսուցչուհուն և չէր ուզում գնալ: Ուզում էր նստել ու նայել նրան: Տղան վեր կացավ դանդաղորեն ու գնաց հանդերձարան՝ գլխարկի ետևից: Նա քայլեց դեպի դուռը, վատ զգալով իր միայնությունից և շուռ եկավ՝ վերջին անգամ նայելու նրան:
— Մնաք բարով, Միսս Ուիսիգ:
— Մնաս բարով, Բեն:
Հետո տղան արագորեն վազում էր դպրոցը բոլորած հողամասով, իսկ մանկամարդ, փոխարինող ուսուցչուհին կանգնած բակում՝ աչքի պոչով հետևում էր նրան: Բենը չգիտեր՝ ինչ մտածեր, բայց գիտեր, որ շատ տխուր է և վախենում էր ետ նայել ու տեսնել, թե նայու՞մ է նա իրեն: Տղան մտածեց. “եթե շտապեմ, գուցե հասնեմ Դեն Սիդին և Դիկ Կորկորանին ու մյուս տղաներին և ժամանակին հասնեմ քաղաքից մեկնող ապրանքատար գնացքին: Լավ է, ոչ ոք ոչինչ չի իմանա: Ոչ ոք երբեք չի իմանա, թե ինչ է պատահել, ինչպես է ինքը ծիծաղել ու լաց եղել:
Նա վազեց ամբողջ ճանապարհը մինչև Հարավային Խաղաղականի երկաթուղին: Բոլոր տղաները գնացել էին, գնացքն էլ էր մեկնել: Նա նստեց էվկալիպտի ծառի տակ՝ ամբողջ աշխարհը թվում էր տակնուվրա եղած:
Ապա կրկին սկսեց լալ:

Posted in Մայրենի լեզու 6

Ձայնարկություններ

Ձայնարկություններ կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են զգացմունք, կոչ, նմանաձայնություն:
Ձայնարկությունները նախադասության անդամ չեն լինում և որևէ հարցի չեն պատասխանում:
Ձայնարկությունները բաժանվում  են երեք խմբի:
Զգացական ձայնարկություններ, արտահայտում են վիշտ, ցավ, կարեկցանք, զայրույթ, դժգոհություն, վախ, զարմանք, ուրախություն, հիացմունք, ձանձրույթ, տհաճություն: Դրանք են՝ ա՜խ, ա՜հ, ամա՜ն, ա՜յ, բա՜, է՜, է՜հ, ըհը՜, հա՜, ջա՜ն, վա՜խ, վա՜հ, վա՜յ, վու՜յ, վու՜շ, ու՜խ, ուխա՜յ, ուռա՜, օխա՜յ, օ՜հ, պահո՜,  օ՜ֆ, ֆու՜ և այլն:

Կոչական ձայնարկություններ, արտահայտում են կոչ, կանչ, խրախույս, հորդոր, նախատինք, արգելք: Դրանք են՝ ա՛յ, է՛յ, էհե՛յ, ծո՛, հո՛, հարա՛յ, հե՛յ, հո՛պ, տո՛, փը՛խկ, փը՛շտ և այլն:

Նմանաձայնական ձայնարկություններ, արտահայտում է բնության մեջ և կյանքում հանդիպող ձայները: Դրանք են՝ բը՜զզ, թը՜խկ, թը՜շշ, խը՜շշ, ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղու, հա՛ֆ-հա՛ֆ, միաու՜, չը՛խկ և այլն:

   Առաջադրանքներ:

1. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեք ձայնարկություն:

Մի՞թե, օխա՜յ, հա՜յ, ե՞րբ, տը՜զզ, չէ՛

է՛հ, որքա՜ն, ծո՛, ո՛չ, խը՜շշ, չէ՞ որ

այնպե՜ս, պահո՜, այո, չու՛, չլինի՞ թե, բը՜ռռ

2.Գրիր այն ձայնարկությունները, որոնցից կազմվել են հետևյալ բառերը:

Չրխկալ – Չըրխը՛կ

ծվծվալ – ծի՛վ-ծի՛վ

կռկռոց – կըռկը՛ռ

վայել – վա՜յ

թշթշոց – թը՜շշ

ծլնգոց – ծըլը՛նգ

թրխկոց – թրը՜խկ

տզզոց – տը՜զզ

թխկոց – թը՜խկ

բզզալ – բը՜զզ

շրխկան – շրը՜խկ

3. Բառաշարքում առանձնացրու զգացական, կոչական և նմանաձայնական ձայնարկությունները:

Ղա՜-ղա՜, հե՜յ, ու՜հ, կը՜ռ, փը՜խկ, ջու՜-ջու՜, հարա՜յ, օ՜հ, վու՜յ, ու՜ֆ, ա՜խ, բը՜զզ, ըհը՜, ուռա՜, օ՜յ, հո՛պ, տո՛,խը՜շշ, հա՜յ, տը՜զզ, յա՜, ա՛յ:

զգացական – օ՜հ, վու՜յ, ու՜ֆ, ա՜խ, ըհը՜, ուռա՜, օ՜յ, ա՜յ

կոչական – հե՜յ, ջու՜-ջու՜, հարա՜յ, հո՛պ, տո՛, հա՜յ, ա՛յ

նմանաձայնական – ղա՜-ղա՜, ու՜հ, կը՜ռ, փը՜խկ, բը՜զզ, խը՜շշ, տը՜զզ


4. Դարձվածաբանական բառարանից վայ, ախ, հարայ ձայնարկություններով դուրս գրիր դարձվածքներ և նշիր նրանց արտահայտած նշանակությունները:

Posted in Մայրենի լեզու 6

Գործնական աշխատանք

  1. Նշիր այն բառը, որն հոմանիշ է փակագծերում տրված դարձվածքին.
    ա. մարզվել, զինվել, սպառնալ, տրորել (սուր ճոճել)
    բ. սսկվել, հագենալ, բավարավել, չարախոսել (բերանը ջուր առնել)
    գ. խրատել, մտապահել, նշանել, ականջին օղ դնել, (ականջին օղ անել)
    դ. վերացնել, սիրաշահել, վրդովվել, հագենալ, (սիրտը առնել)
    ե. եռանդագին, մոլեգնած, մարած, շիկացած, (կրակ կտրած)
    զ. անտեսել, պաշարել, կուտակել, հանգցնել, (ականջի ետևը գցել)
  2. Բառաշարքում ընդգծիր պարզ բառերը:
    Կարգ, կատակ, անտեր, կապիկ, վազք, գարուն, տկար, կարիճ, քերիչ, գերան, բարձ, շարան, դիրք, պատճառ, արդուկ, շահույթ, հրաման, հատիկ, հյութ, հնչյուն,  կաղնուտ, ականջ, օրորոց, մրջյուն:
  3.  Բառաշարքում ընդգծիր անհոդակապ բառերը, ինքդ լրացրու շարքը ևս 5 բառով:
    Ծանրակշիռ, բազմերանգ, կեսբերան, խաղակես, մարգարտաշար, նախօրոք, սեպագիր,  ընդառաջ, ջրամբար, նկարագիր, աներորդի, մարդամոտ, մայրցամաք, ոսպապուր;
  1. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ բայերի 6 զույգ: 
    Սփրթնել, ծաղրել, սարսափել, աղաչել, գունատվել, սաստկանալ, հեգնել, ուժեղանալ, իշխել, ահաբեկվել, աղերսել, տիրել:

Սփրթնել – գունատվել

ծաղրել – հեգնել

սարսափել – սաստկանալ

աղաչել – աղերսել

ուժեղանալ – ահաբեկվել

իշխել – տիրել

5.Բառաշարքում առանձնացրու հոմանիշ ածականների 6 զույգ:
Լուռումունջ, ազնիվ, մեծամիտ, չնաշխարհիկ, լռելյայն, քաջ, սրտացավ, անկեղծ, չքնաղ, գոռոզ, խիզախ, գթասիրտ:

լուռումունջ – լռելյայն

ազնիվ – անկեղծ

մեծամիտ – գոռոզ

չնաշխարհիկ – չքնաղ

քաջ – խիզախ

սրտացավ – գթասիրտ

6.Բառաշարքում առանձնացրու հոմանիշ գոյականների 6 զույգ:
Վախ, դրացի,  մրրիկ, երկյուղ, երանգ, տրտմություն, փոթորիկ, կասկածանք, գույն, տարակուսանք, հարևան, թախիծ:

վախ – երկյուղ

դրացի – հարևան

մրրիկ – փոթորիկ

երանգ – գույն

տրտմություն – թախիծ

կասկածանք – տարակուսանք

Posted in Մայրենի լեզու 6

Մթնաձոր

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողվում։
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։


Հիմա էլ Մթնաձորում մուգ կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։
Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։ Եվ երբ հեռավոր հարթավայրում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում։
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները։ Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը։ Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում։ Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի։
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արջին մնում է բարձրանալ կաղնու վրա։ Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին։ Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին։
Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա, անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։
Պանինը որսորդ էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։
Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր:
Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։
Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։ Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել։
Այսպես էր Պանինը։ Նրա սարսափը հեռուներում էր տարածված, նրա մասին բերնեբերան պատմություններ էին անում։ Ոչ ոք չգիտեր ոչ նրա ազգությունը, ոչ հավատն ու ծագումը։ Ասում էին, որ նախկին սպա է, մարդ էր սպանել, նստել էր բանտում, հետո անտառ գնացել։ Հյուսիսի անտառներից մեկում նա իր կնոջն էր սպանել որսի մի գիշեր, ավելի ճիշտ՝ շներին հրամայել էր գզգզել կնոջը։
Այդպես էին պատմում անտառապահ Պանինի մասին։
Գյուղում Ավին լավ որսորդի համբավ ուներ։ Տան ապրուստի մի մասը նա Մթնաձորի խորքերից էր հոգում։ Բացուտներում միրհավ էր որսում, արտերի մոտ կաքավ ու լոր, թակարդ էր լարում աղվեսի համար, երբեմն էլ Մթնաձորի խորքերն էր գնում, ժամերով նստում քարի ետևը, մինչև վարազները ջրի գային։
Ավին նշանը ճիշտ էր բռնում, բերդանի գնդակը վարազի ճարպոտ կողքին մեծ վերք էր բացում։ Վարազը թավալգլոր էր լինում, ցավից ժանիքներով հողը փորում, արմատներ պոկում, հետո խռռոցով գետին ընկնում։
Եվ եթե Պանինից երկյուղ չէր անում, կամ տեղյակ էր լինում, որ անտառապահը Մթնաձորում չի, չոր ցախերից էլ մի շալակ էր անում, ծածուկ մի տեղ պահում՝ գիշերով տուն տանելու համար։
Այդ օրն էլ նա որսի էր գնացել։ Թարմ հետքեր կային ձյունի վրա։ Ավին մի հետքով գնաց և հենց որ բլրակի գլուխը բարձրացավ, տեսավ երկու աղվես։ Մինչև կրակելն աղվեսները փախան։ Այդ Ավու համար վատ նշան էր, որսր հաջող չպիտի լիներ։ Մի քիչ էլ ման եկավ, պախրայի հետք տեսավ, փնտրեց ու չգտավ։ Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն։
Իրիկնադեմ էր արդեն, երբ Ավին շալակի ցախը դրեց քարին, նստեց մի կոճղի՝ մի քիչ շունչ առնելու։
Որսի մի շուն երևաց, հոտոտեց Ավուն, անցավ։ Ավու շունչը փորն ընկավ։ Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ Պանինը։ Ասես գետնի տակից բուսավ։
Մեկի դեմքը քաթան էր, մյուսինը կարմիր ճակնդեղ։ Պանինը թքոտեց, որպես Մթնաձորի արջ։ Եվ երբ բարձրացրեց կնուտը, Ավին էլ մեջքը ծռեց, գլուխը ձեռների մեջ առավ։ Ավուն թվաց, թե Պանինի ձեռքը քարացավ, կնուտը սառեց ձմռան իրիկնապահի ցուրտ օդում։ Պանինը կնուտը ետ քաշեց, և երբ Ավին գլուխը բարձրացրեց, նրան թվաց, թե Մթնաձորում մի սատանա է քրքջում։
Երկընտրանքը տարօրինակ թվաց Ավուն։ Կամ քսան ռուբլի տուգանք անտառից փայտ գողանալու համար, կամ էլ Մթնաձորի մի արջ սպանել։ Եվ երբ Պանինը մի անգամ էլ կրկնեց իր առաջարկը, շրթունքները ետ տարավ ու խուլ ծիծաղեց։ Ավին տեղից վեր թռավ, ցախը թողեց և եկած ճամփով ետ գնաց դեպի Մթնաձոր։ Անտառի և ոչ մի արջ Պանինի տուգանքի գինը չուներ։
Ավին նայեց բերդանի պատրոններին, չուխայի փեշերը հավաքեց գոտու տակ, փափախը պինդ կոխեց գլխին։ Նա ձյունի վրայով նույնքան թեթև էր քայլում, ինչքան արջը չոր տերևների վրա։
Մի անգամ ետ նայեց Ավին անցած ճամփին. ոչ Պանինը երևաց, ոչ էլ շները։ Լուսնյակը մեծ ձյունագնդի չափ լույս էր տալիս, արտացոլում էր լուսնի լույսը ձյունի բյուրեղների մ եջ։ Ավին պարզ տեսնում էր ծառի բները, եկած ճամփան, ընկած հաստաբուն գերանները։
Իջավ ձորը, լսեց, թե ինչպես սառույցի տակ խոխոջում է ջուրը։ Ջրի ձայնը նրան հիշեցրեց եռման կաթսան, տունը, վառած օջախը։ Տանը երևի սպասում են արդեն։
Հետևից ճյուղի կոտրվելու ձայն լսեց։ Թվաց, թե ձյուն ի ծանրոցից մի ճյուղ ջարդվեց։ Վեր բարձրանալիս Ավին զգաց, որ մեկը հետևում է իրեն։ Ետ նայեց, մի մարդաբոյ արջ էր կանգնել մի քիչ հեռու, ճյուղն ուսին, չոբանի մահակի պես։
Ավին բերդանը մեկնեց, և երբ արջը թքոտելով դեն գցեց ուսի փայտը, չորքոտանի դարձավ, բերդանը որոտաց, կրակոցի ձայնին ձորերն արձագանք տվին, ծառի ճյուղերից ձյուն թափվեց։ Արջը ոռնաց։ Բերդանի ծխի միջից Ավին տեսավ, թե ինչպես արջը մի ոստյուն արեց, թաթերը բերդանի փողին մեկնեց։
Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի մեջ։ Արջը թաթովն էր տալիս, աշխատում գետնով տալ մարդուն։ Ավին մի ձեռքով պաշտպանվում էր նրա հարվածներից, մյուսով փորձում բերդանի փողը արջի երախի մեջ կոխել, կրակել մի անգամ էլ։
Ծառս էր լինում արջը հետևի ոտների վրա, ձյուն շաղ տալիս, ընկնում, բարձրանում։ Հանկարծ արջը բերդանի փողը բերանն առավ, սկսեց կրծոտել։ Ավու ձեռքը սահեց բերդանի վրայով, մատը բնազդաբար սեղմեց կեռ երկաթին, բերդանը մի անգամ էլ որոտաց։ Արջը ոռնաց առաջվանից էլ պինդ, մեջքի վրա ընկավ, գլորվեց, որպես կտրած գերան։ Սառույցին որ հասավ, կանգնեց ոտքի, փորձեց վեր բարձրանալ։
Ավին երրորդ անգամ կրակեց, բերդանի գնդակը խրվեց ձյունի մեջ, վզզաց, ինչպես շիկացած խոփը դարբնոցի ջրաքարում։ Երրորդ կրակոցը նրա բերդանի վերջին ճիչն էր: Ավին մինչև վերջն էլ չիմացավ, թե ինչու չորրորդ փամփուշտը բերդանը ներս չառավ։
Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց, Ավին շատ մոտ զգաց վիրավոր գազանի տաք շունչը, ծռվեց, և երբ արջը թաղվեց ձյունի մեջ, Ավին ետ վազեց, ձյունի մեջ ընկնելով, վեր բարձրանալով։ Արջը հետևում էր նրան։ Ավին վազում էր, թռչում գերանների վրայով, ծառի ճղները ճանգռում էին դեմքը սուր մագիլների պես, սայթաքում էր, նորից բարձրանում։ Նրան այնպես էր թվում, թե Մթնաձորի բոլոր գազաններն են վազում իր հետևից։Ծառի մի ճյուղը փշերը խրեց փափախի մորթուն, փափախն ընկավ։ Հենց այդ վայրկյանին նա մի ծանր հարված զգաց մեջքին, բրդոտ մի թաթ ճանկերը խրեց ծոծրակի մորթու մեջ։ Լսվեց մի կրակոց, բայց Ավին ոչինչ չզգաց։
Պանինը սատանայի պես քրքջում էր, ոտքն արջի դիակի վրա:
Ավին հիմա էլ ողջ է։
Զարհուրանքով կարելի է նայել նրան, երբ փողոցի անցուդարձ անողներից պահված, մի անկյունում քաշված, սրա–նրա համար տրեխ է գործում։
Ավու հագին չուխա էր, տրեխներ, սովորական մարմին, առողջ ձեռքեր, որոնք շատ վարժ կաշին են ծակոտում, կաշվի թելերից հանգույցներ անում։ Եվ սովորական մարմնի վրա գլխի տեղ մարդկային գանգ, ամբողջովին կլպված, առանց մազի, առանց մորթու։
Արջը թաթի մի հարվածով ծոծրակի փափուկ մսի մեջ է խրել սուր ճանկերը և վիրավոր արջի ամբողջ զայրույթով իրան քաշել գանգի մորթին, մորթու հետ էլ գլխի մազերը, ունքերը, աչքերն ու քիթը։
Ավին շրթունքներ չունի։ Ոսկորների բաց ճեղքից երևում են ատամները, բաց է քթի խոռոչը, և երբ Ավին համրի պես խոսում է, շունչը քթի խոռոչովն էլ է դուրս գալիս։ Աչքերի խոռոչներում չորացած մսի կտորներ կան, ծառի վրա կիսաչոր, մաշկը ծալծալ եղած ծիրանի պես։
Նրա գանգի վրա ողջ են մնացել միայն ականջները։ Նայում ես և չես կարողանում որոշել ծեր է Ավին, թե դեռ երիտասարդ, որտեղից է գալիս նրա ձայնը, գուցե մարդ չէ, այլ խրտվիլակ, գուցե չուխայի տակ կմախք է և ոչ միս ու մարմին։
Սակայն նրա ձեռքերին միս կա և մաշկ, մատները վարժ շարժումներ են անում, և երբ Մթնաձորի անունն են տալիս, երևում է, որ ատամներն ավելի է դուրս գցում, կոկորդից ընդհատ ձայներ է հանում։
Ու չգիտես՝ զայրանո՞ւմ է, թե՞ ժպտում հին որսորդը…
Հարցեր և առաջադրանքներ:
Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
Նկարագրիր Մթնաձորի բնությունը և կենդանական աշխարհը:
Ըստ քեզ ո՞րն է պատմվածքի լարված պահը, ընդգծիր:
Բնութագրիր Պանինին:
Պատմվածքում Մթնաձորի նկարագրությունն ինչու՞ է անհրաժեշտ:

Posted in Մայրենի լեզու 6

Գործնական աշխատանքներ

1.Ընդգծիր այն բառերը, որոնցում կա 
    Առ- նախածանցը:
Առաջ, առմիշտ, առվակ, առկայծել, առէջ, առնետ, առավոտ:
Ապ- նախածանցը:
Ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:

2. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:

1 – Իրիկուն, երեկո, իրիկնաժամ, մթնշաղ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ

2 – լուսաբաց, արշալույս, լուսադեմ, արևածագ, առավոտ, լուսածագ

3. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:
Գառնուկ, մտրուկ, մարդուկ, ճնճղուկ, հորինուկ, մանչուկ, մժղուկ, շիկամուկ:

4. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
1.Անգղ, ցածր, վատ, ավարտ ծանր, ավազան, մանուշակագույն, գրտնակ, գոտի, ագահ:
2.Առասպել, կաղ, ամայի, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, մեծագույն, աղմկոտ, գետին:

5. Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:
Ախոյան, բազե, բժիշկ, աղախին, արշավ, չմշկորդ, դյուցազն, ականջ, կայսր, աքաղաղ, դաստակ, ժառանգորդ, մարտիկ:

Իրանիշ – բազե, արշավ, ականջ, աքաղաղ, դաստակ

Անձնանիշ – Ախոյան, բժիշկ, աղախին, չմշկորդ, դյուցազն, կայսր, ժառանգորդ, մարտիկ

Տանը, լրացուցիչ աշխատանք

Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

  1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել Ճիշտ է
    2.երեսից կախվել – թախանձել ճիշտ է
    3.արյունը ջուր դառնալ – սահմռկել ճիշտ է
    4.աչքերը փակել – ժպտալ սխալ է
    5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել ճիշտ է
    6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ ճիշտ է
    7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել սխալ է
    8. գլխին տալ — ուրախանալ սխալ է
    Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
  1. հետամտել-ձգտել, անթաքույց-սքողված, երբեմն-ստեպ-ստեպ
  2. հրավիրել-արտաքսել, ավերակ-շեն, լայն-անձուկ
  3. բարեկիրթ-անտաշ, գոգավոր-խորդուբորդ, համախմբել-ջլատել
  4. ականակիր-պղտոր, խոչընդոտել-խանգարել, անկանոն-օրինաչափ:
     Շարքերում գտիր ուղղագրականսխալները:
  1. արփշիռ, փախչել, հորձանուտ, տարալուծել
  2. արհամարհել, տարորոշել, ավելորդ, բողկ
  3. քսուք, ժայթքել, ճմռթել, գաղտագողի
  4. պարգև, պանդուխտ, սայթաքել, դշխուհի
    Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից.
  1. ուշաթափվել-նվաղել, աղոթել-ապաշխարել, հոծ-խիտ
  2. տամուկ-խոնավ, թեժ-մարմանդ, դալուկ-գունատ
  3. ստահոդ-շինծու, աչառու-կողմնակալ, անձայն-մունջ
  4. լայնախոհ-նեղմիտ, շնորհազուրկ-ապիկար, կարկառուն-անվանի

 Մեկ բառով գրի´ր տրված դարձվածքների իմաստները.

  1. Արյունը գլխին խփել – կատաղել
  2. Լեզուն բռնվել – պապանձվել
  3. Քարը փեշից թափել – զիջել
  4. Զենքերը վայր դնել – հանձնվել
Posted in Մայրենի լեզու 6

Հրանտ Մաթևոսյան: Հացը

Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնամ էր սարերում խոտ դիզելու։ Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք։
Օրը կիրակի էր։ Դպրոցում հայերենից ես պայծառ «գերազանց»-ներ էի ստանում, ռուսերենից, մաթեմատիկայից, աշխարհագրությունից, բոլոր առարկաներից ես ստանում էի պայծառ «գերազանց»-ներ։ Քաջագործությունների մասին գիրքը լավ գիրք էր։ Իմ հայրիկը լավ հայրիկ էր։ Իմ մայրիկը ինձ շատ էր սիրում։ Իմ հորեղբայրը գեղեցիկ և ուժեղ տղամարդ էր։ Մեր տան քիվի ծիծեռնակները երկնքի կռունկների հետ չվել գնացել էին։ Այգու և անտառի վրա խշշալով աշուն էր իջնում։ Եթե մեր խոզերը կորած չլինեին, այդ պահին աշխարհում ամեն ինչ անչափ գեղեցիկ կլիներ։ Կացինը թևին, գոգնոցը կապած, եղանն ուսին՝ աշխատանքի գնալուց աոաջ նրանք նայում էին ինձ և թաքուն հրճվում, որ իրենց որդին մեծանում է, այտն ահա ձեռքին է դրել և գիրք է կարդում։ Գոգնոցը կապած, իմ մայրիկը մտածեց՝ ասե՞լ թե չասել, և որոշեց չասել, որդուն չխանգարել, որդին թող կարդա ու դառնա գիտնական։ Կացինը թևին, իմ հայրիկը մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել։ Դարձյալ մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել, և որոշեց չխնդրել. որդին թող կարդա, հաց ուտելով թող կարդա։ Ես կարդում էի և զգում, որ նրանք ուզում են խոզերի մասին ինձ բան ասել, բայց ես ցույց էի տալիս, թե ոչինչ չեմ զգում, այլ միայն կարդում եմ քաջագործությունների մասին գիրքը, քանի որ լավ է, շատ լավ է, երբ  գրքերի մեջ ուրիշները գնում են, թրջվում են, մրսում են, կովում են, պարտվում են, հաղթում են, և վատ է, անչափ վատ է, երբ ես ինքս եմ գնալու, հոգնելու, գտնելու կամ չգտնելու մեը խոզերը։
Գոմը պետք է անպայման սարքվեր, ձյուներից աոաջ կարտոֆիլը պետք է անպայման հավաքվեր, խոտը պետք է անպայման դիզվեր, ուրեմն հայրիկը, մայրիկը, հորեղբայրը չէին կարող չգնալ ձմեռվանից առաջ գոմը սարքելու, կարտոֆիլը հավաքելու, խոտը դիզելու։ Եվ իմ հայրիկը ինձ ասաց.
— Եթե քեզ մի բան խնդրե՞մ։
Ես գիտեի, թե ինչ է խնդրելու հայրիկը, բայց հարցրի.
— Ի՞նչ խնդրես։
Եվ շատ մեծ ամոթ էր, որ գիտեր, սակայն չիմանալու էի տալիս նրա խնդրանքը։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել,— ասաց իմ հայրիկը։
— Ո՞վ է տեսել,— հարցրի ես։
— Անտառապահը։
— Ե՞րբ է տեսել,— հարցրի ես։
— Երեկ իրիկուն։
Ես կարողացա չհարցնել՝ «ինչո՞ւ է տեսել»։ Ես հարցրի.
— Պարզ բացատը որտե՞ղ է։
— Դու կարծեմ լավ գիտես, թե որն է Պարզ բացատը։
— էն հեռո՞ւն։
Նա չպատասխանեց, և ես հասկացա, որ նա ինձանից մի քիչ նեղանում է։ Ես հարցրի.
— Ուզում ես գնամ գտնեմ բերե՞մ մեր խոզերը։
— Ես ոչինչ էլ չեմ ուզում,— ասաց նա։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել, հետո՞,— ասացի ես։
Աոանց աատասխանի նա շուռ եկավ գնալու։
— Լավ,— ասացի ես,— կգնամ։ Բայց եթե էնտեղ չլինեն՝ ի՞նչ անեմ։
— Չգիտեմ։
Նա իրոք նեղանում էր, որովհետե ինքը չէր կարող փնտրելու գնալ, իսկ ես տալիս էի ալարկոտ անբանի հարցեր։
— Ներողություն,— ասաց նա,— գիրքդ կարդա, ներողություն։
— Լավ,— ասացի ես,— հետքերը կգտնեմ, հետքով էլ իրենց կգտնեմ։
Աշնան արևը մեղմորեն ջերմ էր։ Աշնան մեղմ արևի մեջ գեղեցիկ էին ծիծեռնակների լուռ բները, այգու խնձորենիները, որոնք ղեռ ունեին մի երկու խնձոր, իմ մայրիկի մեղմ ժպիտը, շիկավուն շանը, որ պառկել էր իմ ոտքերի մոտ ու ննջում էր, և աքաղաղի կարմիր կատա՛րը, և կեռասի ծառը, որ հանկարծ սկսեց ծվծվալ։ Ես նայեցի այգուն, տեսա կեռասի ծառը և դեղնափորիկ թռչունին, որ այդքան ուշ աշունով ծառին կեռաս էր գտել և զարմանքից ծվծվում էր։ Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է և միակ տգեղը ես եմ, որովհետև ձևացնում եմ, թե գրքի պատճառով չէի ուզում մեր խոզերը փնտրելու գնալ։
Ես, ուրեմն, ասացի.
— Գիրքը խոզերի մոտ կկարդամ։
— Շնորհակալ կլինեմ,— ասաց իմ հայրիկը։— Ուզում ես՝ շունը թող մնա հավերին պահակ, ուզում ես՝ հետդ տար։ Շնորհակալություն,— կրկին ասաց նա, և ես մի քիչ ամաչեցի։
— Լավ,— ասացի ես,— շունը հետս կտանեմ։
Նրանք ինձ հագցրին բրդե տաք ու փափուկ սվիտեր, որ մայրիկն էր երեկոները գործել ինձ համար, հագցնել տվին ռետինե սոսկերով թեթև կոշիկներ, որպեսզի կաշվե կոշիկներով խոտերի վրա հանկարծ չսայթաքեմ, և ինձ նայեցին գուրգուրանքով, քանի որ սվիտերն ինձ շատ էր սազում, և ես իրենց որդին էի։
— Հիմա՞ գնամ,— ասացի ես։
— Քո և հորեղբոր ճանապարհը մինչև Կույր աղբյուր նույնն է, հորեղբոր հետ մինչև Կույր աղբյուր գնա, էնտեղից կթեքվես Թփուտ կածանով դեպի Պարզ բացատ։
Շունը չէր ուզում գալ։ Ես  նորից կանչեցի,  նա դանդաղ ելավ ու ծուլորեն հետևեց մեզ։ Նա ճանաչում էր Դիմաց անտառի գող ուրուրին, Դիմաց անտառի գող ուրուրը ճանաչում էո նրան։ Նրանք վաղուցվա ծանոթներ էին։ Դիմաց անտառի գող ուրուրը չէր ճախրում բազեի պես բաց ու բարձր, նա մեր հավերին մոտենում էր թփից թուփ և ծառից ծառ անցնելով, գրեթե սողալով։ Շունը ղարձյալ կանգ առավ։ Ես տեսա գորշ ուրուրի գողունի թռիչքը թփուտից թփուտ, բայց մտածեցի, որ շանը տանում եմ նույնքան կարևոր գործի, ինչքան կարևոր է հավերի հսկողությունը, և սուլոցով կանչեցի շանը։ Նա մեր ետևից գալիս էր ակամա, ապա, երբ գյուղից դուրս էինք եկել, և մոռացել էր ուրուրի մասին, ուրախ վնգստոցով առաջ սլացավ ու գնաց։ Նա կարոտել էր անտառին, խոզերին, վազքին, հոգնածությանը։
Տանը իմ գրասեղանն էր, լուսամփոփի ջերմ ու շոյող լույ-սը, իմ փոքրիկ գրադարանը, ռադիոյի մեղմ երգը և, իմ թախտին, ուղտի բրդից գործած հաստ շալը՝ ցերեկային նիրհի համար։ Անտառում արջերն էին, փղերը, վագրերը, հովազները, սատանաները, դևերը և հրեշները, մեր խոզերից և իմ ազնվությունից բացի, բոլորն էլ անտառում էին, և ես գնում էի դանդաղ, իմ հորեղբորից ետ մնալով։ Ես բացել էի գիրքը և գնում էի գրքին նայելով, իբր թե չեմ կարողանում կտրվել գրքից և ետ եմ մնում կարդալու պատճառով։
Կույր աղբյուրի մոտ, որտեղ ճամփաբաժանն էր, շունը կանգնել էր և սպասում էր մեզ։ Աղբյուրը Կույր էր կոչվում, որովհետև իր խորքերից նա մանրահատիկ ավազ էր հանում, ավազը փակում էր նրա ակը։ Աղբյուրը դարձյալ լցվել էր մանրահատիկ ավազով ու տիղմով, փակ ակունքի ետևում, գետնի տակ աղբյուրը գուցե խեղդվում էր։
Իմ հորեղբայրը նայում էր արդեն ճահիճ դարձող աղբյուրին։ Հանդի իր պայուսակից նա հանեց հանդի իր ուտելիքը, խաշած հավը կիսեց, փաթաթեց լավաշ հացի մեջ, այդ փա¬թեթը փաթաթեց թերթով և դրեց իմ թևի տակ։ Եվ գլխով ցույց տվեց Պարզ բացատի կածանը։
—  Ուզում եմ ջուր խմեմ,— ասացի ես։
— Պարզ բացատի աղբյուրից կխմես,— ասաց նա,— մեծ կաղնու տակ է, գնացեք։
Ուրախ կլանչոցով շունը նետվեց դեպի կածան։ Մի պահ ես էլ ուրախացա ու վազեցի։ Խաշամը խշխշում էր խլացնելու չափ ուժգին ու չոր։ Այդ խշխշոցն էր, երբ վազում էի՝ իմ ականջներում միայն այդ խշխշոցն էր։ Խաշամը հասնում էր ծնկներիս։ Երբ կանգ էի աոնում՝ լուո լռություն էր, այդ լռության ու լույսի մեջ հազիվ լսելի սվսվալով օրորվում էին թափվող տերևները։ Սև մոշահավը կչկչոցով թոավ իմ ոտքերի տակից, և դարձյալ խոր լռություն էր։ Ինձ թվում էր, թե ես լսում եմ անտառի խաղաղ շնչառությունը։
Ես ետ նայեցի։ Իմ հորեղբայրը ծնկել էր աղբյուրի մոտ և ինչ-որ բան էր անում։ Մի քիչ էլ խորանալով անտառի մեջ՝ ես դարձյալ ետ նայեցի։ Ինձ թվաց, թե հորեղբայրն արդեն գնացել է, բայց չէր գնացել, դեռ կռացած էր աղբյուրի վրա և դժվար էր նկատվում, քանի որ հողագույն էին և՛ ճանապարհը, և՛ նրա հագուստը։ Ես նստեցի ծառի ետևը և, որպեսզի ինքս ինձ խաբեմ, թե որևէ բան եմ անում, բացեցի սխրագործությունների մասին գիըքը։ Գիրքը, սակայն, ես չէի կարդում, գրքի վրա կռացած՝ ես սպասում էի, թե իմ հորեղբայրը երբ է հեռանալու վերադարձի ճանապարհից։ Նա հիմա նստել էր աղբյուրի մոտ, ծխում էր և, ինչպես ինձ էր թվում, նայում էր անտառի մեջ ինձ։ «Օրինակ՝ ինչո՞ւ ես էդպես պարապ  նստել,— մտածեցի ես,— խոզ գտնելը ձեր գործն է, գիրք կարդալը՝ իմ. ես ահա կարդում եմ իմ գիրքր, իսկ դուք պարապ նստել եք»։ Եվ որպեսզի ինքս ինձ ավելի խաբեմ, ես ականջներս փակեցի մատներով ու նայեցի միայն գրքին։ Իբր թե կարդում եմ, իբր թե միայն կարդում եմ։
Հեոավոր թույլ խշխշոց էր լսվում։ Ես հայացքս գրքից բարձրացրի և ականջներս բացեցի, խշխշոցը շատ ուժեղ էր և շատ մոտիկ։ Բայց ես չհասցրի վախենալ, որովհետև նույն պահին էլ տեսա մեր շանը։ Նա թափով կպավ ինձ, ցատկեց, նորից ցատկեց, վնգստաց ու կանչեց դեպի Պարզ բացատ։ Որպեսզի նա նորից չկլանչի ու խշխշացնի, ես իմ հացի կեսը տվեցի նրան, և նա ծաոի ետևը ինձ մոտ նստեց ու սպասեց, թե էլ ինչ եմ տալու։
Հավի սպիտակ թել-թել մսերը ես կերա, ոսկորը տվեցի նրան։ Վզի կաշին ես կերա, ոսկորը տվեցի նրան։ Մի քիչ դժվար էր ուտվում, որովհետև ես չէի գնացել խոզերը փնտրելու, բայց ես ուտում էի։ Հավի չտեսնված համով ոտը ես կերա, ոսկորը տվեցի շանը։— էս էլ քեզ,— ասացի։
Աղբյուրի մոտ հիմա մարդ չկար։ Ես կածանով իջա դետի ճանապարհ։ — Գնացինք,— ասացի ես շանը։ Նա նայում էր ինձ և տեղից չէր ելնում, նա չէր հավատում, որ արդեն ետ ենք դաոնում։
— Քո գործն է,— ասացի ես,— եթե ուզում ես մնալ՝ մնա։
Ես իջա ճանապարհ՝ աղբյուրի մոտ։ Աղբյուրի ավազանում հիմա ցեխ ու տիղմ չկար, նրա ակը հիմա կույր չէր։ Աղբյուրը հիմա բխում էր աոատ ու ազատ, վարարությունից ուղղակի պարում էր։ Նրա քարե կապույտ ավազանը լիքն ու պարզ էր։ Նրա մաքուր հայելու մեջ ես տեսա իմ կուշտ ու հիմար դեմքը, ես ինձնից մի քիչ ամաչեցի, բայց շատ էի ծարավ, կռացա ջուր խմելու։ Ես չհասցրի հասկանալ, որ այդ աղբյուրին ես արժանի չեմ՝ երբ արդեն ջուր էի խմում… Որ այդ աղբյուրը, որ հավի այդ միսը, որ այդ շունը, որ անտառի այդ խշշոցը, որ այդ հայրիկը, որ այդ մայրիկը, որ այդ բոլորը շատ լավն են, իսկ ես շատ վատը՝ դրա մասին ես չէի մտածում, ես կում աո կում խմում էի այդ ջինջ ջուրը։ Ես ամենևին չէի մտածում, որ այդ աղբյուրը իմը չէ, ինձ չի պատկանում։ Ես մի կուշտ խմեցի և գոհ էի։
Անտառից ես խոտոց լսեցի, դա կարծես թե խոզի ձայն էր, ես մի քիչ դարձյալ ամաչեցի, բայց շարունակեցի գնալ դետի տուն՝ դեպի իմ թախտը, իմ գրասեղանը, իմ տաքուկ անկյունը։
Երբ գյուղին բավական մոտեցել էի, տեսա, որ շունը դան-դաղ գալիս է իմ ետևից։
—  Չէիր ուզում՝ չգայիր,— ասացի ես շանը,— քեզ ո՞վ ստիպեց, քեզ ոչ ոք էլ չստիպեց։
Ուրուրը հավ գողացել էր թե չէր գողացել՝ ես չիմացա։ «Հավերի հարցը մայրիկին է վերաբերում, թող մայրիկն էլ ստուգի՝ ուրուրը հավ թռցրել է թե չի թոցրել,— մտածեցի ես։— Աշխարհագրության իմ դասը գիտեմ, պատմության իմ դասը գիտեմ, մաթեմատիկայի իմ խնդիրը…»:
Հայրիկը նստել էր թախտի եզրին և ժպտում ու տնքում էր։ Նրա մեջքն, ուրեմն, նորից ցավում էր։ Բայց թե ինչու էր ժպտում՝ ես չէի կարողանում հասկանալ։
— էդ ռադիոն էդ ի՞նչ է երգում,-  հարցրեց նա։
— Կոմիտաս։
— Ինքը գրե՞լ է, թե ինքը երգում է։
— Ինքը գրել է, ինքը կոմպոզիտոր է։
Նա ժպտում էր, ապա ասաց.
— Ապրես, որ պատմությունն էդքան լավ ես սովորում։
— Ո՞վ ասաց։
— Ուսուցիչները եկել, ինձ օգնում էին։ Վաղվա դասերդ գիտե՞ս։
— Գիտեմ։
— Շնորհակալություն,— ասաց նա։— էդ ոչինչ, որ խոզերը չես գտել, ես հիմա կգնամ կբերեմ։
— Հիմա մութ է,— ասացի ես։
— Գելը երեկ գիշեր Մուշեղի խոզերն անտառում ջարդել է, վախենում եմ մերոնց էլ վնասի։
Նա ամեն վայրկյան ուզում էր թախտից ելնել և չէր ելնում։ Նա չէր ուզում թիկնել, բայց, ի վերջո թիկնեց։
—  Որ պառկում եմ՝ չի  ցավում,— ասաց  նա։— Միայն Պա՞րզ բացատը նայեցիր, թե ուրիշ տեղեր էլ փնտրեցիր։
— Պարզ բացատը նայել եմ,— ասացի ես։
— Ուրեմն, էլ Պարզ բացատ չեմ գնա,— ասաց նա,— ափսոս, ես հույս ունեի, թե էնտեղ կլինեն։
— Չգիտեմ,— ասացի ես,— կածանը խաշամով ծածկված էր, իմ նայածը չգիտեմ Պա՞րզ բացատն էր, թե մի ուրիշ բացատ:
—  Բացատի եզրին մի մեծ կաղնի՞ կար։
— Մի մեծ կաղնի կար, կաղնու տակ մի աղբյուր կար,— ասացի ես։
Ցավից ծամածռվելով նա ելավ միանգամից և փնտրեց գլխարկը։ Նա այնքան էր հոգնած, որ չէր հասկանում, որ գլխարկը ձեռքին է։
— Ափսոս, որ Պարզ բացատում չեն եղել,— ասաց նա,— ուրեմն հեռացել, հասել են խոր բացատ։
— Քո մեջքը ցավում է,- ասացի ես։
Նա ծաղրեց իր ցավը.
— Որ մթան մեջ աչքդ լարում ես՝ ցավը մոռացվում է։
— Ես քեզ հետ գալիս եմ,— ասացի ես։
Նա ինձ շոյեց.
— Դու էսօր շատ ես ման եկել, հաց կեր, մի քիչ հանգստացիր ու քնիր։
Երբ նա թաղվում էր մթան մեջ, ես բարձր ասացի.
— Ես էլ եմ գալիս։
— Ո՛չ,— կտրուկ ասաց նա,— դու գիրքդ կարդա։
Մթան մեջ՝ հաչոցով ու փափուկ թափով մի բան անցավ. շունն էր, գնում էր իմ հայրիկի հետ փնտրելու, հեռու անհայտություններում գտնելու, բերելու մեր խոզերը, որոնց միսը ամբողջ ձմեռ ես պետք է ուտեի, որոնց գնով ես պետք է հագնեի տաք վերարկու, ունենայի դահուկներ, դահուկային կոշիկներ, փափուկ վզնոց, ականջակալ գլխարկ…
Մայրիկը ընթրիքի սեղան էր փռում։ Ռադիոն կամացուկ երգում էր։ Գրասեղանին շոյիչ կաթնալույս էր մաղում լուսամփոփը։ Սպիտակ սփռոցին մարմրում էր լավ թխած սպիտակ հացը։ Հացի կողքին՝ կարմիր տապակած կարտոֆիլը։ Կարճ բոցերով վառվում էր օջախի փայտը։ Թեյամանը մեղմ չխկչխկում էր։ Եվ թեյի արծաթե գդա՛լն էր շատ գեղեցիկ, և ընկույզի դարչնագույն մուրաբա՛ն, որ փայլփլում էր կաթնալույսի մեջ, և գիշե՛րն էր թավ ու տաք, և տխո՛ւր էր միայնակ ծղրիդի ընդհատ երգը, որ լսվում էր երբեմն սեղանի մոտից, երբեմն՝ օջախի, երբեմն՝ իմ թախտի։ Այդ բոլորը տխուր ու գեղեցիկ էին և ստեղծված էին ինձ համար, բայց ես արժանի չէի դրանք ուտելու, դրանք զգալու, դրանց նայելու, դրանք լսելու։
— Ես հաց չեմ ուտում,— ասացի ես, մտա անկողին և շուռ եկա դեպի պատը։ Եվ բրդի ու փետուրի փափկությո՛ւնն էր ափսոս, և անկողնի ճերմակ մաքրությո՛ւնը։ Մայրս մոտենում էր, ես աչքերս փակեցի։ Նա ծածկեց իմ մեջքը և մրմնջաց.
— Երեխաս էսօր շատ է չարչարվել։

Հարցեր և առաջադրանքներ:

1Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
2 Քննարկիր հոր և որդու առաջին երկխոսությունը:
3 Ընդգծիր այն հատվածները, որոնցում տղան գիտակցում է իր արարքի տգեղությունը:

Անտառից ես խոտոց լսեցի, դա կարծես թե խոզի ձայն էր, ես մի քիչ դարձյալ ամաչեցի, բայց շարունակեցի գնալ դետի տուն՝ դեպի իմ թախտը, իմ գրասեղանը, իմ տաքուկ անկյունը։

Ես հաց չեմ ուտում,— ասացի ես, մտա անկողին և շուռ եկա դեպի պատը։ Եվ բրդի ու փետուրի փափկությո՛ւնն էր ափսոս, և անկողնի ճերմակ մաքրությո՛ւնը։


4 Տղային արդարացրու, մեղադրիր, բնութագրիր: Տղանին մեղադրում եմ, որոհետև նա ձևացնում էր գիրք է կարդում իբրև շատ զբաղված է որպեսզի չգնա խոզերը փտրելու:
5 Ինչու՞ է պատմվածքը վերնագրված «Հացը»:
6 Ո՞րն է պատմվածքի ասելիքը:

Posted in Մայրենի լեզու 6

Ապրիլ ամսվա ամփոփում

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

Փորձություն  (հնդկական  հեքիաթ)

Գործնական աշխատանք

Շաղկապ

Կապ կրկնություն

Իմաստուն առակ ներկայի, անցյալի և ապագայի մասին

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Տղան և խնձորենին, առակ

Հայոց լեզու

Զատիկը` ընտանեկան տոն

Կապեր

Կրկնողական առաջադրանքներ,բայ

Վիլյամ Սարոյան. Հրաշալի ձայնասկավառակը

Կրկնողական առաջադրանքներ, ածական

Վիլյամ Սարոյան: Մաղադանոսի այգին

Posted in Մայրենի լեզու 6

Գործնական աշխատանքներ

1. Գտիր տրված բառերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:

Թզաչափ- թիզ
խճանկար – խիճ
մշտատև – միշտ
կկվականչ – կկու
պտուտակ – պտույտ
փշրանք – փշուր
սիրալիր – սեր
ձիթապտուղ – ձեթ
մրջնաթթու – մրջյուն
խնկաման – խունկ
ժրաջան – ժիր
ծլարձակել – ծիլ
ալրաղաց – ալյուր

2. Որտեղ անհրաժեշտ է, գծիկի փոխարեն գրիր հ տառը:

Ապաշնորհ, խորին, նիրհել, նժդեհ, նշխար, խոնարհվել, նախագահ, ընդառաջ, արհեստ, ընդամենը, ընդհանուր, օրհներգ, արհամարհել, լեհ, ապաշխարել, աշխարհ:

3. Բառաշարքում ընդգծել բայերը:

Արևագալ, թնդալ, ցախավել, զգալ, բղավել, ջահել, հմայել, ավել, շողալ, ձնհալ, շրխկալ, կոշկաթել, ծավալ,  գդալ, սխալ, համակարգել, հողմարգել, ծամթել, ճնշել, անվայել:

4. Կապակցության իմաստը արտահայտիր գոյականով:

Բարին կամեցող – բարեկամ
բլուրների շարք – բլրաշար
գարու հաց – գարեհաց
երթևեկության ուղի – երթուղի
զենք կրող – զինակիր
զույգերով պար – զուգապար
ժամանակ անցկացնելը – ժամանց
դեմքի նկար – դիմանկար
չմուշկներով վազելը – չմշքավազք
պատվեր տվողը – պատվիրատու
լուր բերողը – լրաբեր

1.Բառաշարքում ընդգծել հինգ թվական:

Քառապատիկ, զրովաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկույոթական, ությնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ, միավոր:

2. Բառաշարքում ընդգծել հինգ ածական:

Խոշոր, անձրև, անտառ, քնքնուշխեղճ, աղանձ, բարձր, պաստառ, բողոք, արգավանդ:

3. Բառաշարքում ընդգծել հինգ գոյական:

Երջանիկ, ավանդբլիթ, տխուր, բոբիկ, հողակոշտ, հարազատ, գորգ, դատարկ, աղմուկ:

4. Բառաշարքում ընդգծել հինգ շաղկապ:

Սակայն, փոխանակ, և, չնայած, ուորովհետև, հանուն, բայց, մինչդեռ:

5. Բառաշարքում ընդգծել հինգ կապ:

Դեպի, երբեք, քանի, հօգուտ, նման, դարձյալ, պես, միշտ, շնորհիվ, գրեթե:

6. Ընդգծել հինգ մակբայ:

Ամենուր, որոշ, աղմկոտ, վաղըհերոսաբար, հազվագյուտ, խմբովիկրկին:

Posted in Մայրենի լեզու 6

Գործնական աշխատանք

Լրացնել բաց թողնված տառերը`է կամ ե:

Միջօրե  էր, աներևակայելի շոգ: Վարդգեսը, որ երկար տարիներ  չէր եղել հայրենի  գյուղում, նորեկի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ վայրերում:  Վերելքներով ու վայրէջքներով ելևեջող  ճանապարհը ծանոթ էր նրան: Ահա երփներանգ դաշտերը, ուր արածում են գոմեշների նախիրները, Սևանհէկը, որ առատ  էլեկտրաէներգիա է մատակարարում շրջակա գյուղերին, լսվում է ծաղիկների առեջներից  նեկտար հավաքող մեղուների բզզոցը: Ճանապարհից աջ` գետեզրին, հնէաբաններ են աշխատում, որոնք մանրեաբանի բծախնդրությամբ զննում են  ինչ-որ պեղված բեկորներ: Առօրեական հոգսերով, կարևոր և անէական հարցերով տարված  տասը տարի չէր այցելել մանկությանը բնօրրանը և այժմ դողերոցքով բռնվածի պես տենդագին  դիտում էր շուրջ բոլորը: Երբևէ մտածե՞լ էր, թե այսքան աներկբայորեն կապված է հայրենի գյուղին, երբևիցե անդրադարձե՞լ  էր, թե որքան ձգող է ծննդավայրը:  Ինչևիցե, կտրելով բազմերանգ ծաղիկներով պատված բլրակը, հասավ արգավանդ անդաստաններին:

Posted in Մայրենի լեզու 6

Գործնական աշխատանք

Թավ գրված բայերը փոխարինեք հոմանիշներով:

Գետը դուրս է պրծնում անդնդախոր կիրճի կապանքներից և անզուսպ ու կատաղի հոսքով սլանում հովտով:
Կեսգիշերին հոլիկում արթնանում եմ գետի հոխորտալի դղրդյունից: Լուսնկա գիշերն իր փայլփլուն աստղերով աչք է գցում հոլիկից ներս, սառը քամին ուժգին պոռթկումներով վրա է տալիս, և թվում է,  թե գետն է սպառնագին գրոհում մեր կացարանը: Թեև մենք ուղղակի գետափին չենք, սակայն գիշերը ջուրն այնքան մոտ է թվում, որ ակամա սարսափ է պատում քեզ. հանկարծ տանի հոլիկը:


Գեղեցիկ է գիշերը մարգագետնում. այստեղ-այնտեղ երևում են ձիերը, որ կուշտ արածելուց հետո հանգիստ նիրհում են: Իսկ կողքին, քամուց տարուբերվող եղեգները մեկ-մեկ կռացնելով, խուլ ձայնով քարերն է տեղից տեղ շարժում ահեղամռունչ գետը ու իր սպառնագին աղմուկն է տարածում չորս կողմը: Խավարի մեջ ուրվագծվում են արծաթազօծ լեռնագագաթները:

դուրս է պրծնում – ազատվում է

սլանում – ընթանում

արթնանում եմ – զարթնում է

աչք է գցում – նայում է

վար է տալիս – հարձակվում է

գրոհում – գրավել

սարսափ է պատում – վախեցնում

տանի – քշի

երևում են – նկատվում են

նիրհում են – ննջում են

կռացնելով – թեքելով

տեղից տեղ շարժում – տեղափոխում

տարածում – սփռում

ուրվագծվում են – գծագրվում են

Բաց թողած տեղերում լրացնել Օ կամ Ո.

ա/ ականջօղ, ամենօրյա, այդօրինակ, այսօր, անդորրություն, անոթ, անողնաշար, անողոք, անորակ, անօգտակար, ապօրինի, բարձրորակ, բարօրություն, գիշերուզօր, դեղնազօծ, երկարօրյա, եղբորորդի, հնօրյա, քնքշորեն, օթոց, օրըստօրե, օրօցք:

բ/ ամանոր, ամենաորակյալ, անօդ, անորսալի, անօթևան, առօրեական, արագոտն, արծաթազօծ, արջաորս, բնօրրան, գանգոսկր, գիշերօթիկ, երկվորյակ, ընդօրինակել, թիկնօթոց, թռչնորս, լացուկոծ, յուրօրինակ, վատորակ:

գ/ անօրինակ, արևազօծ, բարորակ, եռօրյա, հնաոճ, հնգօրյակ, հոտնկայս, հրանոթ, ճռվողյուն, մեղմորեն, մեղմօրոր, միջօրե, նմանօրինակ, նորաոճ, շորորալ, ողորկ, ոսկեզօծ, ով, որբանոց, չօգնել, պնդօղակ, սևորակ:

դ/ ամանորյա, անօգուտ, խաղաղօվկիանոսյան, կեսօր, հակաօդային, հատորյակ, հօգուտ, հողմակոծ, հօդս ցնդել, նախօրոք, ոսկեօղ, ոտանավոր, չարորակ, չօգտվել, պարզորոշ, վաղորդայն, ով, քեռորդի, օդապարիկ, օթյակ:

ե/ անօրեն, առօրյա, բացօթյա, զօրուգիշեր, կիրակնօրյա, կրկնօրինակ, հանապազօրյա, հանրօգուտ, հոգս, միջօրեական, հանապազորդ,  միօրինակ, նախօրե, չօգտագործել, ջրօրհնեք, սառնորակ, վառոդ, տարորոշել, տնօրեն, փղոսկր, օդանավ, օրրան:

զ/ արփիազօծ, հակաօրինական, հայորդի, նորօրյա, նրորեն, շաբաթօրյակ, ովքեր, չոգևորել, վաղորդայն, վաղօրոք, տոթ, տարօրինակ, տափօղակ, ցածրորակ, փող, փորձանոթ, փոխօգնություն, օթևան, օվկիանոս, օրեցօր, օրորոց: